Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ArmBookExpo»-ի եռօրյա մարաթոնը

«ArmBookExpo»-ի եռօրյա մարաթոնը
24.04.2012 | 00:00

Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու շրջանակներում ապրիլի 21-23-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում անցկացվեց «ArmBookExpo» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի «փակ բացմանը»` ապրիլի 21-ին, «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը հյուրընկալել էր տեղացի և օտարերկրացի բազում գրասերների, անվանի մտավորականների, հրատարակիչների, պետական, դիվանագիտական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների: Նրանց թվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հյուրերը շրջեցին բազմահարկ շինության բոլոր այն տարածքներով, որտեղ ցուցադրված էին «երկրի ընդերքից աճած» մեծադիր հայոց տառերը` ծիրանագույն «հանդերձանքով», Հայաստանի և արտասահմանյան տարբեր հրատարակչությունների (Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բելառուս, Չինաստան, Ֆրանսիա, Ճապոնիա, Թուրքիա, Տաջիկստան, Պորտուգալիա, Հունաստան, ԱՄՆ, ԼՂՀ և այլ երկրներ) տպագրած բազմաբնույթ գրքերը, իրազեկվեցին ցուցադրությանը զուգահեռ ընթացող մյուս մշակութային ձեռնարկումներին (թռչնագիր տառերի պատկերում, «տառածառի» զարդարում այդ պատկերներով, հայոց այբուբենի մետաքսագրություն, դասախոսություններ, գրքերի, ֆիլմերի շնորհանդեսներ, գրքերի ստորագրություն, բացօթյա ընթերցումներ, ցուցադրություններ, թեմատիկ նկարչություն, վարպետության դասեր, համերգային ծրագրեր, «Սասունցի Դավիթ», «Վիլյամ Սարոյան», «Սայաթ-Նովա» նախագծեր և այլն):

«ArmBookExpo»-ի համակազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը: Եռօրյա միջոցառումների ընթացքում «Գաֆէսճյան» կենտրոնի բոլոր ցուցասրահների համար այցելուների մուտքն անվճար էր: Իհարկե, այցելուների ենթադրվող մեծ հոսքը վերահսկելու նպատակով կենտրոնը նախապես հոգացել էր անվտանգության ծառայությունը սովորականից ավելի աչալուրջ իրականացնելու խնդիրը:

Գրիգոր Խանջյանի ցուցասրահում Արարատ Սարգսյանը յուրատիպ «տպագրություն» էր ներկայացնում` «Սասունցի Դավիթ» թեմայով: Էպոսի բովանդակությանն առնչվող պատկերաքանդակներ կրող փոքրիկ գլանակները պտտելով կավե հարթ մակերեսի վրա` արվեստագետն ստեղծում է իր «տպագրությունը»` դրան զուգահեռ արտասանելով «Սասնա ծռերը»:

«Սասունցի Դավիթ» էպոսը հայ կերպարվեստում» թեմատիկ ցուցահանդեսը «ArmBookExpo»-ի տպավորիչ ձեռնարկումներից մեկն էր: Այն ներկայացնում էր հայ անվանի և մանկահասակ նկարիչների նկարազարդումներ, գորգանկար, տեսանյութ, բազմալեզու տպագրություն` էպոսյան թեմաներով: Առհասարակ անդրադարձը ժողովրդական էպոսին ինքնանպատակ չէր, այն յուրօրինակ ակցիա էր` ի ցույց դնելու դրա բացառիկ արժանիքները և հավաստիացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ մեր էպոսը լիովին կարող է համալրել համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգություն համարվող արժեքների ցանկն ու արժանանալ համապատասխան վերաբերմունքի և հոգածության: Քննարկումներն այս հարցի շուրջ կկայանան նոյեմբերին` ՅՈԻՆԵՍԿՕ-ի հերթական համաժողովում: Ի դեպ, այս համատեքստում «Իրատես de facto»-ն ևս մեկ անգամ անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախկինում մերժված «Վարդավառի տոնի» ու «Աշուղական սիրավեպի» հանգամանքին և ստացավ համապատասխան բացատրություն ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանից: Ըստ մասնագետի հավաստիացումների` անցյալ տարվա մեր մերժված հայտերն այժմ լրամշակված են և կրկին կներկայացվեն համաշխարհային մշակութաբանների դատին:

«ArmBookExpo»-ի շրջանակներում հայ հասարակությունը հնարավորություն ունեցավ հանդիպելու և շփվելու Բորխեսի կնոջ` Մարիա Կոդամայի, «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ Անտոնիա Արսլանի, Սերգեյ Մերկուրովի թոռան` Անտոն Մերկուրովի և այլ նշանավոր անձանց հետ:

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի տնօրեն Վահագն Մարաբյանը նշեց, որ «ArmBookExpo»-ն պատեհ առիթ էր ևս մեկ անգամ ընդգծելու իրենց հավատարմությունը որդեգրած առաքելությանը` ներկայացնելու համաշխարհային մշակույթի բարձրարժեք գանձերը և մեր հանրությանը հասու դարձնելու գրքերի կախարդական աշխարհի գաղտնիքներին: Նա նաև տեղեկացրեց, որ «ArmBookExpo» եռօրյա փառատոնի ավարտից հետո կենտրոնի վերջին հարթակում կկազմակերպվի մի նոր ցուցադրություն, որը կլինի իրենց մատուցած հերթական անակնկալը հայ մշակութասերներին:

Եվս մի կարևոր իրողություն. «ArmBookExpo»-ի ողջ գրքային հասույթը, ավելի քան 1800 անուն գիրք, կնվիրաբերվի Հայաստանի ազգային գրադարանին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ